Օրեր առաջ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, նշել էր, որ ինքը որևէ փաստարկ չի տեսնում, «որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ այն փաստարկները, որ իրենք բերում են, հստակ են:
«Մեր Սահմանադրությունն, իր բոլոր թերություններով և առավելություններով, երաշխավորում է, որ Սերժ Սարգսյանը չի լինի այս երկրի ղեկավար 2018-ից հետո: Իհարկե, մենք ցանկանում ենք ավելի շուտ այդ հարցը լուծել, բայց Սահմանադրական երաշխիք կա, որ 2018-ից հետո չի լինի: Սա նաև շատ կարևոր է այն առումով, որ Սերժ Սարգսյանի շուրջ հավաքված թիմը, եթե չունի երաշխիք, որ Սերժ Սարգսյանը լինելու է իշխանության գլուխ, սկսում է քայքայվել, որովհետև ինքը նոր «պապաների» փնտրտուքների մեջ է ընկնում: Բայց ամենակարևորը հետևյալն է, որ Սահմանադրական փոփոխությունները, որն առաջարկում է Սերժ Սարգսյանի թիմը, ուղղված են բացառապես մի խնդրի լուծմանը՝ իշխանության վերարտադրմանը:
Նրանք ընտրել են այս ձևը և փորձում են անցնել խորհրդարանական համակարգի, որտեղ Սերժ Սարգսյանը՝ պահպանելով ՀՀԿ-ի նախագահի պաշտոնը, կլինի նաև ԱԺ նախագահ, դրանով խորհրդային համակարգ ստեղծելով՝ կվերարատադրի իր իշխանությունը»,- ասաց Զուրաբյանը:
Մանրամասները՝ Լուրեր.com-ի տեսանյութում: