ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նշում է իր ծննդյան 66-ամյակը: Տարեդարձի առթիվ նախարարը հարցազրույց է տվել tvzvezda.ru-ին, որում խոսել է ամենատարբեր թեմաներից' ԼՂ հակամարտության կարգավորումից մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստումներ:
«Մեր զինվորականներն իրենց հերոսությունը ցուցադրել են ոչ միայն հրաձգարաններում: Ռուսական բանակը ներգրավված է նաև Լեռնային Ղարաբաղի նոր ուժով բռնկված հակամարտության կարգավորման հարցում: Սերգեյ Շոյգուն մասնակցել է բանակցություններին, որ նախորդեցին հրադադարի մասին եռակողմ' ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությանը»,- հայտնում է կայքը:
ՌԴ պաշտպանության նախարարը խոսել է նաև ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության մասին:
«Լեռնային Ղարաբաղ մտցվեցին խաղաղապահ ուժեր: Թե դրա համար որքան ջանք գործադրեց նախագահը, միայն մեզ է հայտնի, քանի որ դրանք գիշերներ էին. գիշերվա երկուսին, գիշերվա երեքին... զանգ մեկին, երկրորդին, երրորդին: Խնդիր է դրվում: Մի խոսքով' հսկայական աշխատանք է տարվել»,- պատմել է Շոյգուն: