Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն' Սարգիս Անանյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄՀ երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակի ց Հասմիկ Գալստյանը: «Սեպտեմբերի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակներն այցելել են Հայաստանի քաղաքացուն: Գերու ընտանիքի անդամներն ու Հայաստանի իշխանությունները տեղեկացվել են այցի մասին»,- ասաց Հասմիկ Գալստյանը:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնել են իրենց կողմում հայտնված հայ գերու մասին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

 

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի' Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սարգիս Անանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:

 

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 5-ին'ժամը 18.10-ի սահմաններում, ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի պատվիրակները գերեվարման հաջորդ իսկ օրը հանդիպել էին ադրբեջանցի գերուն, նրան փոխանցել նամակ ընտանիքից եւ վերցրել նրանից նամակ' ընտանիքին հանձնելու համար: