«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այսօր այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին»,- այս մասին Panorama.am-ին հաղորդեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նրա փոխանցմամբ, տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում. ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ ռազմագերուն են ներկայացրել նրա ընտանիքի ուղերձն ու որոշ տեղեկություններ նրա հարազատների մասին:

Հարցին, թե կա՞ արդյոք տեղեկատվություն հայ ռազմագերու վերադարձի կամ երրորդ երկիր տեղափոխվելու մասին, Զ. Ամատունին նշեց. «Այն, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները նրա հետ հանդիպել են Ադրբեջանում, դա արդեն իսկ նշանակում է, որ ռազմագերին շարունակվում է մնալ այդ երկրում: Այլ մեկնաբանություններ դեռևս չունենք»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Հավելենք, որ Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել զինծառայող՝ ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու «հարցազրույց», ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի խախտում է: