Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է արձակել Դոնեցկի շրջանի Մարիուպոլում պահպանել բարձր մարտունակության ու զգոնության ռեժիմը, հաղորդել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Այդ մասին Պորոշենկոն հայտնել է Մարիուպոլի Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատ կատարած այցի ժամանակ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

Մարիուպոլ ժամանելուց անմիջապես հետո Պորոշենկոն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուկրաինական մեր այս հողը մենք ոչ ոքի չենք տալու»:

 

Նախագահը նշել է նաև, որ Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է պաշտպանել երկիրը զենքի ուժով, բայց կանի հնարավոր ամեն բան՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

 

«Չնայած այն հանգամանքին, որ այս ծրագիրը շատերին դուր չի գալիս՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս, ներկայումս նախագահի «խաղաղ ծրագրի իրականացման» համար գործադրվում են բոլոր ջանքերը»,- ասել է Պորոշենկոն: