2013 թվականին Երկրի մթնոլորտում ածխաթթվային գազի խտությունն աճել է մինչև վերջին 30 տարվա ռեկորդային մեծություն, ինչը նպաստել է աննախադեպ տեմպերով Համաշխարհային օվկիանոսի թթվայնացմանը և ապագայում սպառնում է նրա կենսաբազմազանության նվազեցմամբ:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունն է բովանդակում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ)՝ ջերմոցային գազերի վերաբերյալ ամենամյա տեղեկագիրը, որը տարածվել է Ժնևում:

 

2012-ից մինչև 2013 թվականը մթնոլորտում ածխաթթվային գազի խտությունը «ավելի շատ է մեծացել, քան 1984 թվականից հետո ընկած ժամանակաշրջանի ցանկացած այլ տարվա ընթացքում»,-ասված է փաստաթղթում:

 

Ինչպես ընդգծում է ՀՕԿ-ը, 1990-ից մինչև 2013 թվականը ջերմոցային գազերի ազդեցության ներքո աշխարհում ռադիացիոն ներգործությունը՝ կլիմայի տաքացման արդյունքի ցուցանիշը, ավելացել է 34 տոկոսով, զգալի չափով՝ մոտավորապես 80 տոկոսով, այդ ցուցանիշի աճը տեղի է ունենում ածխաթթվային գազի պատճառով:

 

ՄԱԿ-ի մասնագիտացված միջկառավարական հիմնարկության փորձագետները մատնանշում են, որ օվկիանոսը կլանում է մարդկային գործունեության ընթացքում հանածո վառելիքի այրման արդյունքում արտազատվող ածխաթթվային գազի արտանետումների մոտավորապես քառորդ մասը: Սակայն այդ գործընթացն անհետևանք չի անցնում օվկիանոսի համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: