Նյուպորտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հստակ մատնանշեց, որ Մինսկի խմբի համանախագահության (ՄԽՀ) բառապաշարը միակ ընդունելին է Արցախի խնդրի վերաբերյալ միջազգային ցանկացած փաստաթղթի հիշատակման մեջ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Ինչպես հաղորդում է «Արմեպրես»-ը' վկայակոչելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրությունը, Կարեն Ավագյանը նշել է նաև որ, որևէ այլ բառապաշար հիմք լինել չի կարող, քանի որ Մինսկի խումբը Արցախյան հիմնախնդրով զբաղվող միակ լեգիտիմ ու մասնագիտացած ձևաչափն է։
«Երկրի ղեկավարը ՆԱՏՕ-ի ամբիոնից կոշտ ձևակերպմամբ խստորեն դատապարտեց ադրբեջանական դիկտատուրան միջազգային ատյաններում լոբբինգ անողներին։ ՆԱՏՕ-ի կողմից տարիներ շարունակ կիրառվող բառապաշարում ինչ-ինչ փոփոխություններ եղան, բայց պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դեռ բավարարված չէ դրանով, ասել կուզի՝ դեռ շարունակելու է պայքարը։ Զարմանալի է, որ այս ամենից հետո որոշ հայ քաղաքական գործիչներ ու վայ փորձագետներ քննարկում եմ, թե ինչու Հայաստանը ստորագրեց ՆԱՏՕ-ի կողմից ընդունված փաստաթուղթը։
Առավել ամոթալին այն է, որ նման քննարկումներով զբ աղվում են մարդիկ, ում կենսափորձը պետք է որ բավարար լիներ կատարյալ անգրագիտությունն իրականությունից տարբերելու համար», - ընդգծել է Կարեն Ավագյանը։
Սեպտեմբերի 4-ին Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի համատեղ հանդիպումը:
Այդ հանդիպմանը նախորդել էր Հայաստանի նախագահի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: