Հարավային Կովկաս կատարած շրջագայության շրջանակում Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը ուրբաթ կայցելի Բաքու:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ը գրում է, որ թեեւ այցի ծրագիրը հայտնի չէ, սակայն, իրենց հասած հավաստի տեղեկություններով' Կուրցի Բաքու այցը կապված է Վիենայում մեծ աղմուկ հանած կաշառքի գործի հետ: Խոսքը Ավստրիայի Oesterreichische Banknoten-und Sicherheitsdruck GmbH” (OeBS) կենտրոնական բանկում Ադրբեջանի ազգային փոխարժեք տպագրելու վերաբերյալ պայմանագրեր կնքելու համար Ադրբեջանի ԿԲ-ի ղեկավար Էլման Ռուստամովին խոշոր չափերի կաշառք տալու հետ կապված Ավստրիայում բացված քրեական գործի մասին է:

 

Ներկայում այդ քրեական գործը հետաքննվում է, եւ ավստրիական դատարանում գտնում են, որ անհրաժեշտ է հարցաքննել նաեւ Ռուստամովին: Նախատեսվել էր Ադրբեջանի ԿԲ ղեկավարին տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննել օգոստոսի 5-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ: Սակայն, դա տեղի չունեցավ: Ադրբեջանի կառավարությունը լրջորեն աշխատում է այդ գործընթացից մաքուր հանել Էլման Ռուստամովին, իսկ Վիեննայի դատարանը համառորեն պնդում է Ադրբեջանի գլխավոր բանկիրի հարցաքննության անհրաժեշտությունը:

 

Թերթը նշում է, որ հիմնականում Կուրցը Բաքու է գալիս իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հատուկ այս հարցը քննարկելու համար: «Սակայն հավատալու չէ, որ ադրբեջանական կառավարությունը կարող է զիջման գնալ այս հարցում: Նշանակում է' Ավստրիայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական աղմուկ է սպասվում», -գրում է «Ազադլըգ»-ը:

 

Հիշյալ քրեական գործի նյութերում խոսվում է, որ ազգային փոխարժեքները Ավստրիայի կենտրոնական բանկի կողմից տպագրվելու մասին պայմանագրեր կնքելու համար Ադրբեջանի եւ Սիրիայի ԿԲ ղեկավարներ Էլման Ռուստամովը եւ Ադիբ Մայալեն 2005-2011 թվականներին ընդհանուր չափով 14 մլն դոլար կաշառք են պահանջել եւ ստացել: Ավստրիայում այդ աղմուկի հետ կապված 9 մարդ պատասխանատվության է կանչվել: