Բաքվում Իտալիայի դեսպանատունը մի քանի օր առաջ հանդես էր եկել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի Հռոմ կատարած այցին երկու երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերի իրական բովանդակությունը Ադրբեջանի կողմից խեղաթյուրված եւ ցանկալի կերպ ներկայացված մեկնաբանությունը ժխտող հայտարարությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը նշել է, որ Իտալիայի դեսպանատան այդ հայտարարությունը պայմանավորված է այն բանով, որ Ալիեւի' Իտալիա կատարած այցին երկու երկրների միջեւ «ռազմավարական համագործակցության» մասին համաձայնագիր ստորագրելու կապակցությամբ ադրբեջանական պաշտոնական մամուլը գրել է, թե «Ադրբեջանի եւ Իտալիայի միջեւ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են», եւ իբր, «Ղարաբաղի խնդրի լուծման գործում Իտալիան աջակցում է Ադրբեջանին»:

 

«Ադրբեջանի իշխանությունը, հավատարիմ մնալով իր ավանդույթին, ծայրահեղության հասնելով միջազգային հեղինակության հետ կապված իր քարոզչությունում, երկու երկրների միջեւ հարաբերություններն անվանել է նորմայից ավելի «ջերմ»: «Երեւում է' հենց չափն անցած նման հոդվածների պատճառով է Իտալիան կարեւորել, որ պետք է շտապ պարզաբանում տալ»,- գրել է թերթը:

 

Թեմայի հետ կապված, «Ազադլըգ»-ի հետ զրույցում Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըն ասել է, որ Իտալիայի դեսպանատան այդ հայտարարությունը «դիվանագիտական պրակտիկայում քիչ հանդիպող դեպք է»:

 

Նրա խոսքով' նման ժխտումների անհրաժեշտություն զգացվում է ստորագրված պայմանագրի բովանդակության շուրջ նրա ներկայացման, պայմանագրի նկատմամբ տարբեր մոտեցումներ ի հայտ գալու ժամանակ: Այդ տեսակետից, դեսպանատան հայտարարությունը ի ցույց է դնում, որ Իտալիայի հետ Ադրբեջանի միջեւ ստորագրված ռազմավարական հ ամագործակցության համաձայնագրում «պաշտոնական Հռոմի շահերին չհամապատասխանող մեկնաբանություններ կան»:

 

«Երեւում է' Ալիեւի Իտալիա այցից հետո հիշյալ փաստաթղթի շուրջ ադրբեջանական իշխանության կողմից աժիոտաժ ստեղծելու պատճառով եւ պաշտոնական քարոզչության մեջ փաստաթղթին' դրա բովանդակությանը չհամապատասխանող իմաստ վերագրելն է դեսպանատանը հարկադրել հանդես գալ նման հայտարարությամբ: Իտալիայի կառավարության կողմից առարկության համար պատճառ է դարձել նաեւ Ադրբեջանի հետ ստորագրած փաստաթղթում Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշումն Իտալիայի կողմից աջակցվելու կերպ գնահատվելը:

 

Ադրբեջանին նման աջակցություն չհայտնող Իտալիայի կառավարությունը չի ցանկանում երեւալ որպես Ադրբեջանի կողմնակից: Այդ պատճառով էլ դեսպանատան հայտարարության մեջ բաց տեքստով ասվում է, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված Հռոմն աջակցում է Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի մոտեցումներին: Այստեղ պաշտոնական Հռոմի այլ դիրքորոշում ունենալու մասին խոսք չի կարող լինել», - նշել է Գահրամանլըն:

 

Ն.Գահրամանլըի կարծիքով' իրականում Իտալիան դրանով պարզաբանել է Ղարաբաղի հարցում իր պաշտոնական դիրքորոշումը: «Ադրբեջանի իշխանության տարած ծայրահեղ քարոզչությունն է նման քայլ կատարելու անհրաժեշտություն ստեղծել»,- ընդգծել է ադրբեջանցի քաղաքական գործիչը:

 

Ուշագրավ է, որ թեմային արված անդրադարձում իտալական formiche.net կայքը եւս բացահայտել է Ղարաբաղի հարցում Իտալիայի դիրքորոշման հարցում պաշտոնական Բաքվի տարածած սուտը:

 

«Բանը հասել է նրան, որ ադրբեջանական քարոզչությունն Interfax-ին գրություն էր հղել, որում նշել էր, թե Իտալիան սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը' Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- գրել է իտալական կայքը եւ հավելել. «Սա սուտ է: Բայց ի՞նչ կարող էինք սպասել աշխարհի ամենատեւական բռնապետական վարչակարգերից մեկից»:

 

Իտալա-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների կամայական մեկնաբանությունների հետ կապված' Բաքվում Իտալիայի դեսպանատան կողմից արված հայտարարության մեջ ասվում է. «Կանխելու համար Ադրբեջանի Նախագահի Հռոմ կատարած այցի ընթացքում ադրբեջանա-իտալական համատեղ հայտարարության կամայական մեկնաբանությունները, հարկ ենք համարում ընդգծել, որ որեւէ մտադրություն չկա միջամտելու ԵԱՀԿ հովանու ներքո Մինսկի խմբի եռակողմ համանախագահության կողմից վարվող, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

 

Իտալիան մշտապես համակարծիք է հիմնախնդրի վերաբերյալ ԵՄ միասնական' կոնսոլիդացված դիրքորոշմանը եւ վերահաստատում է իր վստահությունը վարվող բանակցային գործընթացին եւ դրա շրջանակներում առաջարկված սկզբունքներին, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների' Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ջանքերին»: