Ադրբեջանի խորհրդարանը մտադիր է աշնանային նստաշրջանի ընթացքում ուղղումներ եւ լրացումներ կատարել ԶԼՄ-ների եւ սոցիալական ցանցերի գործունեոթւյունը կարգավորող օրենքներում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է իշխող կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը:

 

Նրա խոսքով' խստացվելու է պատիժը ապատեղեկատվություն կամ չհաստատված տեղեկատվություն հրապարակելու համար: Բացի այդ, Նովրուզովն առաջարկում է սոցիալական ցանցերում մեկնաբանությունների գրանցման համակարգ մտցնել, երբ մեկնաբանությունը տեղակայելու համար անհրաժեշտ է գրանցել անձնագրային տվյալներ: Ըստ Նովրուզովի' նման պրակտիկա արդեն առկա է զարգացած երկրներում:

 

Թեմայի հետ կապված moderator.az-ին տված հարցազրույցում «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը հայտնել է, որ Ադրբեջանում ազատ մտքի դեմ հարձակումները շարունակվելու են:

 

«Քանի դեռ Ադրբեջանում ազատ մամուլի, անկախ մտքի նշույլներ կան, նման հարձակումները շարունակվելու են: Այդ գործընթացը կյանքի է կոչվում ազատ մամուլն ամբողջությամբ վերացնելու համար: Միանգամայն հնարավոր եմ համարում Ադրբեջանում նոր փոփոխությունների եւ արգելանքների պրակտիկայի իրականացումը: Ադրբեջանում այնպիսի պրակտիկաներ են կյանքի կոչվել, որ նրանց համեմատ այս մեկի իրականացումը եւս խիստ հավանական է», -ասել է Մ.Ալիեւը: