Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությամբ կայացավ կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած և ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 57 զինծառայողների և նրանց ծնողների հանդիպումը: Զինծառայողները հրամանատարության կողմից խրախուսվեցին իրենց ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով և եռօրյա արձակուրդով:

 

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Երկրորդ բանակային կորպուսի զորամիավորումների օրինակելի զինծառայողները Մարտունի քաղաքի մշակույթի տուն էին տեղափոխվել իրենց ծառայության վայրերից, որտեղ կվերադառնան եռօրյա արձակուրդն անցկացնելուց հետո:

 

Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մարտունու քաղաքապետ, Գեղարքունիքի մարզ ի ԵԿՄ նախագահ Բագրատ Հարությունյանը, Երկրորդ բանակային կորպուսի զորամասերի հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ: Հայոց բանակի զինվորներին, նրանց ծնողներին ու հրամանատարներին օրհնեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

«Շատ հուզիչ ու նվիրական է այս հանդիպումը, մանավանդ որ խոսքը գնում է մեր սրբազան հայրենիքի սահմանների պաշտպանության, մեր զինվորների մասին, ովքեր ցուցաբերում են անձնազոհության և սխրանքի բազմաթիվ օրինակներ»,-ասաց Մարկոս եպիսկապոս Հովհաննիսյանը:

 

 

Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դրվատեց ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց իրենց զորամասերում պարտաճանաչ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին ու նրանց ծնողներին:»Տևական ժամանակ է, ինչ մեր պետական, քաղաքական ու հասարակական գործիչներն այցելում են սահմանապահ զորամասեր ու դիրքեր, քաջալերում մեր անդորրը հսկող հայ զինվորներին:

 

Բայց երբ վերջերս մեր թշնամին լրջորեն փորձեց խախտել մեր սահմանները, մենք տեսանք, որ հայ զինվորի ոգին ա նսահման բարձր է, առանց այդ ոգևորության էլ նա անսասան է կանգնած հայրենիքի պաշտպանության դիրքերում: Սիրելի ծնողներ, եթե կա այդ անսասան ոգին, ապա դա ձեր ներդրումն է, և այդ դեպքում ոչ միայն մեր սահմաններն են անառիկ, այլ ողջ Հայաստանի Հանրապետությունն է հուսալի ձեռքերում»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը:

 

 

Հայկական բանակի հզորության, բանակաշինության հետագա ամրապնդման, սերունդների արժանի ու կայուն հերթափոխի անհրաժեշտության մասին խոսեց Երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:»Մենք տերն ենք մեզանից երկու տասնամյակ առաջ կռած հաղթանակներին և դրանց արժանի կրողը:

 

Այս դահլիճում նստածների ութսուն տոկոսը մասնակցություն է ունեցել հուլիս ամսին Քարվաճառ թափանցած թշնամու դիվերսիոն խմբի հետախուզման և չեզոքացման գործողություններին: Կարող եմ ասել, որ մենք այսօր նույնքան հզոր ենք, որքան քսան տարի առաջվա մեր ավագ ընկերները: Վերջերս թշնամու կողմից ձեռնարկված գործողությունների կասեցումը, ինչպես նաև Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում մեր թիմի ծանրակշիռ հաջողությունը ցույց տվեցին, որ մեր զինվորներն իրենց գործի գիտակն են:

 

Մեր խնդիրը ոչ միայն բանակաշինության հետագա զարգացումն է, այլ նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Զինվոր-ծնող կապը պետք է լինի մշտական»,-նշեց կորպուսի հրամանատարը:

 

 

Քաջալերանքի խոսքեր հնչեցրին զինվորների ծնողներ Բենիկ Կիրակոսյանը, Ռուդիկ Վարդանյանը, Արտակ Թարփոշյանը, Նորիկ Հազեյանը, ժամանակին Քարվաճառում մարտնչած Արարատ Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքն առավել ազդեցիկ ու տպավորիչ էր.»Տղաս հիմա ծառայում է այնտեղ, ուր ժամանակին ես եմ մարտնչել: Մենք երկու կողմից շրջապատված ենք թշնամիներով և պարտավոր ենք լինել մեր զավակների կողքին, նրանց հետ ծառայել:

 

Իմ չորս տղաներն ավարտել են զինվորական ծառայությունը և այժմ մեկնել են արտագնա աշխատանքի: Նրանք ամեն ակնթարթ պատրաստ են կանգնել իրենց հինգերորդ եղբոր կողքին: Ես էլ այս տարիքում դեռ աշխատում ու արարում եմ, զինվորական թոշակի հույսին չեմ, քանի որ հայրենիքը ոչ թե թոշակով, այլ արյունով են պահում»,-նշեց ազատամարտիկ Արարատ Հովհաննիսյանը:

 

 

Միջոցառման ավարտից հետո ծնողների ուղեկցությամբ զինծառայողները մեկնեցին իրենց տներ' վայելելումերձավորների ու հարազատ օջախների ջերմությունը:

 

 

Խոսրով Խլղաթյան