ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 21–ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ զորամիավորումներում: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Սեյրան Օհանյանն այցը սկսեց Վահան գյուղի սահմանամերձ զորամասից, որտեղ նա ծանոթացավ զինվորների առօրյային ու կենցաղային պայմաններին, զրուցեց զինվորների եւ հրամանատարների հետ: Նախարարի այցն առավել հագեցած ստացվեց Սոթքի սահմանամերձ զորամասում, որտեղ նա մասնակցեց զորամասի նորոգված եւ բուժսարքավորումներով հագեցած բուժկետի բացմանը եւ Մարտական դրոշ հանձնեց ՀՀ ԶՈւ բանակային երկրորդն կորպուսի զրահատանկային գումարտակին, որին զորամիավորումն արժանացել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:
Նորաբաց բուժկետի ժապավենը կտրելուց, հագեցվածությանը ծանոթանալուց եւ բուժանձնակազմի հետ զրուցելուց հետո Սեյրան Օհանյանը շրջեց զորամասի այն հատվածներում, որտեղ ընթանում են հիմնանորոգման կամ վերակառուցման աշխատանքներ: Ապա սկսվեց պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:
Ողջունելով գումարտակի սպայական անձնակազմին եւ զինվորներին' նախարար Սեյրան Օհանյանը հանդիսավոր պայմաններում գումարտակի հրամանատարությանը հանձնեց Մարտական դրոշը: Ապա նա ելույթով դիմեց պարգեւատրված զորամասի սպաներին եւ զինվորներին. «Հարգարժան սպաներ, ենթասպաներ եւ զինվորներ, հարգարժան մարզպետ, շնորհավորում եմ բոլորիդ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զրահատանկային գումարտակին' Մարտական դրոշ հանձնելու կապակցությամբ: Այն պետք է բոլորիս կողմից հիշվի որպես պատվի, փառքի եւ արիության խորհրդանիշ, իսկ մենք պետք է հավատարիմ լինենք այն փառահեղ ավանդույթներին, այն հերոսական ճանապարհին, որ մենք անցել ենք Արցախյան գոյամարտի սկզբից եւ Հայոց բանակի կազմավորումից ի վեր:
Եվ այսօր մենք մեր բանակի զինծառայողների շնորհիվ է, որ կարողանում ենք ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը»,- նշեց Սեյրան Օհանյանը: Նախարարը նաեւ հավաստիացրեց, որ մեր բանակը շարունակում է տարածաշրջանում մնալ որպես մրցունակ եւ հաղթական բանակ' միաժամանակ մասնակցելով միջազգային խաղաղարար գործընթացներին: Սակայն մեր բանակի գլխավոր խաղաղարար առաքելությունը Կովկասյան տարածաշրջանում է, որի զսպիչ գործողությունների շնորհիվ մեր հակառակորդի զավթողական կամ պատերազմի հրահրման բոլոր փորձերը դատապարտվում են ձախողման:
Մարտական դրոշով պարգեւատրված զրահատանկային զոսրամասի անցած մարտական ուղին եւ ձեռքբերումները ներկայացրեց նույն գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Էդիկ Գալոյանը: Զինվորական պատվո շքերթի ընդունումից հետո նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի եւ նրա մեջ մտնող առանձին զորամիավորումների հրամանատարների հետ խորհրդակցություն անցկացրեց մի շարք հարցերի շուրջ:
Խոսրով Խլղաթյան