Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ղեկավարած հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Այս մասին HayNews.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «Հանդիպումը շատ նորմալ է անցել. մարտական ընկերների պես զրուցեցին, հստակվեցին որոշ հարցեր, արվեցին որոշակի եզրահանգումներ»:
HayNews.am-ը փորձեց պարզել նաև նախարարի հետ հանդիպման պահեստազորի գնդապետի տպավորությունները։
«Շատ ջերմ ընդունեց մեզ, մեր պահանջները լսեց, հասկացավ և խոստացավ, որ մեր պահանջները իր տեղակալների հետ կքննարկի, ավելին' մեր շահերից բխող առաջարկով կդիմի համապատասխան գերատեսչություններին, մասնավորապես, սոցապ. նախարարությանը: Մենք այս անգամ մեր պահանջներն ավելի մատչելի լեզվով ներկայացրեցինք' առանց այս կամ այն օրենքի որևէ դրույթին հղում տալով: Ասեցինք' 50.000 դրամ թոշակ ստացողը պետք է ստանա 100.000 դրամ, կոմունալ վարձավճարներն էլ չպետք է վճարվեն 100 տոկոսով, այլ' ուղիղ կիսով չափ: Այլապես այսօր միայն աղբի դեպքում է արտոնություն սահմանված: Ինչ վերաբերում է կառավարությանն, ապա բաց նամակի պատասխանը դեռ չենք ստացել, դեռ քննարկում են»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Մեր դիտարկմանը' հնարավո՞ր է, որ Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո հետագա քայլերի «տոնայնությունը» որոշակի փոփոխության ենթարկվի, նախնական մշակման համեմատ, ազատամարտիկը պատասխանեց. «Վաղը հայտարարություն կտարածենք»: