Պաշտոնական այցով ապրիլի 11-ից Լիբանանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպում ունեցել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի ԶՈւ գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայ խաղաղապահների ծառայության, միջազգային առաքելություններին Հայաստանի ընդգրկվածության, Լիբանանում հայ խաղաղապահների թվակազմի հնարավոր ավելացման հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայանից ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շամա զինավան, հանդիպել է հայ խաղաղապահներին, ծանոթացել ծառայության պայմաններին և հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաջադրանքներին: Սեյրան Օհանյանը կարևորել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո հայ խաղաղապահների առաքելությունը և շնորհակալություն հայտնել ծառայության համար:
Այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի և Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման հարցեր: Համայնքի ներկայացուցիչները կարևորել են հայկական զորախմբի ներկայությունը Լիբանանում' շնորհակալություն հայտնելով Լիբանանում խաղաղության պահպանման ջանքերում Հայաստանի ներդրումի համար: Համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» մեդալով: