ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 31-ին հանդիպել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հրամկազմին և վարժարանի այն սաներին, ովքեր մասնակցել են ՌԴ Պերմ քաղաքում փետրվարին կայացած «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին և տարբեր պետություններ ներկայացնող 28 թիմերի շարքում զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը:

 

Մինչ հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետաքրքրվել է, թե որն է միջազգային մրցույթում վարժարանի թիմի արձանագրած հաջողության գաղտնիքը: Հարցին ի պատասխան' վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը նշել է, որ հայ պատանիների հաջողության գրավականը ֆիզիկական բարձր պատրաստվածությունը, համախմբվածությունն ու ընկերասիրությունն են: Վարժարանում ձեռք բերած գիտելիքները, հմտությունն ու կոփվածությունը սաներին թույլ են տալիս պատվով հաղթահարել ցանկացած առաջադրանք:

 

Վարժարանի սաների հետ զրույցում Սեյրան Օհանյանն անչափ կարևորել է նրանց արձանագրած հաջողությունները և, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատել ռազմամարզական կրթօջախի դերը բանիմաց, հմուտ զինվորականների պատրաստման գործում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ վարժարանն օր օրի կատարելագործվում է, ինչի ապացույցը միջազգային ասպարեզում սաների մշտապես ցուցաբերած բարձր արդյունքներն են:

 

Մաղթելով նորանոր հաջողություններ' Սեյրան Օհանյանը «Պատանի հայրենասերներ» մրցույթին մասնակցած վարժարանի սաներին պարգևատրել է արժեքավոր նվերներով: