ՀՀ ՊՆ նորանշանակ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե այս պահին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանողներին տարհանում են, չի համապատասխանում իրականությանը: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն ուսանում են ավագ դպրոցի ծրագրով, իսկ մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասերն ու աշխատանքները դադարեցված են, հետևաբար վարժարանի սաներին ևս տրամադրվել է արձակուրդ»:
Մեկ այլ գրառմամբ մամուլի խոսնակը տեղեկացրել է․ «Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է:
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել»: