Վարչապետ Հովիկ Աբրահմյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի գլխավորած պատվիրակությանը:

 

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը և հիշեցրել, որ ներկա դրությամբ համատեղ իրականացվում է 15 ծրագիր՝ 518 մլն դոլար ընդհանուր ծավալով: «Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը և էլ ավելի ակտիվացնել երկկողմ փոխհարաբերությունները՝ նոր ծրագրերի իրականացման նպատակով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և արդյունավետ համարել 2014-2017թթ. ռազմավարության շրջանակում իրականացվող փոխգործակցությունը:

 

Հենրի Քերալին վարչապետին ներկայացրել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նոր ղեկավար Լաուրա Բեյլիին և վստահություն հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ ոչ միայն կնպաստի, այլև նոր թափ կհաղորդի ՀՀ կառավարության հետ փոխվստահության հիմքերի վրա դրված համագործակցությանը: Հենրի Քերալին ընդգծել է, որ ՀԲ-ն պատրաստ է և շահագրգռված Հայաստանի հետ նոր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում: ՀԲ տարածաշրջանային տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ՀԲ փոխնախագահի այցը Հայաստան, որի ընթացքում էլ կքննակվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու առաջիկա ծրագրերը:

 

Հենրի Քերալին կարևորել է ՀԲ-ի աջակցությամբ մեր երկրում զբոսաշրջության ու գյուղատնտեսության բնագավառներում նախատեսվող ծրագրերի իրականացումը, որոնք ՀԲ տարածաշրջանային տնօրենի գնահատմամբ, ունեն զարգացման մեծ ներուժ:

 

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լաուրա Բեյլիին՝ ՀԲ երևանյան գրասենյակի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք: Վարչապետը հույս է հայտնել, որ տիկին Բեյլիի աշխատանքային հարուստ փորձառությունն ու մասնագիտական որակները լավագույնս կներդրվեն երկկողմ համագործակցության խորացման ու զարգացման գործում:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր: