Ծնելիության և բնական աճի նվազման տեմպերի պահպանման դեպքում Հայաստանի բնակչությունը 2035 թվականին կնվազի մինչև 2-2.5 միլիոնի, մինչդեռ մեր հարևան պետություններում բնակչությունը կեռապատկվի:
Այս մասին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովի ժամանակ նշեց Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
«90-ականների համեմատությամբ' Հայաստանում բնական աճը կրճատվել է 4.5 անգամ, իսկ ծնելիությունը' 2 անգամ: Երկրի անվտանգության և առողջապահության տեսանկյունից շատ մտահոգիչ է ծնելիության գործակցի նվազումը, եթե 1989-1991 թվականներին 2.8 էր ծնելիության գործակիցը, 2007-2010-ին' 1.7, 2013 թվականին 1.34 է դարձել գործակիցը:
Եթե շարունակվեն այս միտումները, ապա 2035 թվականին Հայաստանը կունենա 2-2.5 միլիոն բնակչություն, մինչդեռ մեր հարևան երկրները կեռապատկեն իրենց բնակչությունն այդ ժամանակահատվածում»,-հայտնեց Գայանես Ավագյանը:
Ձեռքբերումների մասին խոսելով' Գայանե Ավագյանը մատնանշեց մայրական մահացության ցուցանիշի նվազման միտումները, որը վերջին տարիներին պակասել է կրկնակի: «Տարեկան գրանցում ենք 4-6 մայրական մահացության դեպք, որը մենք ձգտում ենք զրոյական դարձնել: ԱՊՀ երկրների համեմատությամբ' մեր մայրական մահացության ցուցանիշը մոտ 1.5 անգամ ցածր է, իսկ Եվրամիության երկրների համեմատ' 3.5 անգամ բարձր: Թվերից այն կողմ մարդկային ճակատագրեր են ու որբացող երեխաներ, դրա համար մենք ձգտում ենք նվազեցնել այս ցուցանիշները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' շեշտեց պաշտոնյան:
Անդրադառնալով մեկ այլ խնդրահարույց թեմայի' հղիության արհեստական ընդհատումներին' Գայանե Ավագյանը նշեց, որ այն բնորոշ խնդիր է աշխարհի բոլոր երկրներում: «Բայց առաջին քրիստոնյա պետությունը լինելով հանդերձ' ես կցանկանայի մեզ մոտ ամենացածրը լիներ այս ցուցանիշը:Կցանկանայի ձեր ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին բժշկական ցուցումներով հղիության ընդհատումների թիվը 10 և ավելի անգամ ավելացել է:
Դրանց մեծ մասը պայմանավորված է մոր առողջական խնդիրներով, մյուս զգալի մասն էլ պտղի զարգացման արատներով ու տարբեր հիվանդություններով: Այս ցուցանիշի բարձրացումը, մի կողմից' վկայում է հայտնաբերման գործընթացի բարելավման մասին, մյուս կողմից էլ'պտղի ներարգանդային զարգացման արատների աճի հետ է կապված»,-հայտնեց Գայանե Ավագյանը:
Աբորտների ցուցանիշով, ինչպես տեղեկացրեց Գայանե Ավագյանը, Հայաստանը էապես զիջում է Ռուսաստանին, Բուլղարիային, Չեխիային, բայց առաջ է եվրոպական երկրներից: «Մի հետաքրքիր փաստ' ծնելիության գործակիցը մաքսիմալ արժեքի է հասնում 20-24 տարեկան տարիքային խմբում, աբորտների մաքսիմալ գործակիցը բաժին է ընկնում 26-29 տարեկաններին: Սա խոսում է մի լավ ավանդույթի մասին. հայ կինը ունենում է մեկ-երկու երեխա, նոր դիմում հղիության արհեստական ընդհատման, սակայն պետք է խորացնել ու մեծացնել ծնելիության մաքսիմալ ցուցանիշը' ի հաշիվ աբորտների ցուցանիշի»,-ընգծե ց պաշտոնյան:
Խոսելով մոր և մանկան առողջության հաջորդ հիմնախնդրի մասին' Գայանե Ավագյանն առանձնացրեց կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղը, որը կանանց մահացության հիմնական պատճառներից է: «Հայտնի է, որ կանանց հիմնական մահացությունը կրծքագեղձի և արգանդի քաղցկեղն է առաջացնում:
Այս խնդրի հետ կապված մի ազգային առանձնահատկություն կա հայ կանանց բնորոշ. բոլոր հարցերը առաջնային են համարվում, բայց վերջում են իրենց անձը կարևորում ու դիմում բժշկական միջամտության, երբ քաղցկեղը արդեն երրորդ, չորրորդ փուլում է»,-նշեց Գայանե Ավագյանը' հավելելով, որ ար գանդի քաղցկեղի վաղ հայտնաբերման, կանխարգելման ու բուժման հարցերը շատ լուրջ են դրված իրենց առջև:
Ինչ վերաբերում է անպտղության խնդրին, ապա, Հայաստանում 1998 թվականին կատարված հետազոտության տվյալներով, անպտղությունը կազմում էր 31.9 տոկոս, ինչը Գայանե Ավագյանի բնորոշմամբ, 90-ականների ծանր տարիների հետևանքն էր: «Շնորհիվ ձեռնարկված միջոցառումների' անպտղության տոկոսը վերջին տարիներին կազմում է 16.8 տոկոս, ունցել ենք իջեցում, բայց սա մի ցուցանիշ է, որը համապետական լուծման կարիք ունի»,-նշեց պաշտոնյան:
Գայանե Ավագյանի խոսքով' եթե տարիներ առաջ անպտղության միակ «մեղավորը» համարվում էր կինը, ապա վերջին տարիներին փոխվել է հասարակության ընկալումն ու արդեն զույգերն են դիմում հետազոտության նպատակով: Կանանց շրջանում անպտղության տարածվածությունը 5 տոկոս է, տղամարդկանց մոտ' 2 տոկոս:
Զեկույցի ավարտին Գայանե Ավագյանը հույս հայտնեց, որ իրականացվող միջոցառումները կբերեն ցանկալի արդյունքի ու մայրության բերկրանքը կվայլեն բոլոր կանայք: