Հայաստանում 2000 թվականից ի վեր ծնելիության մակարդակը մնացել է կայուն: Օգոստոսի 29-ին «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:


«Կանայք միջինն ունենում են 1.7 երեխա: Ծնելիությունը քաղաքաբնակ' 1.7 երեխա և գյուղաբնակ' 1.8 երեխա կանանց շրջանում գրեթե չի տարբերվում: Ծնելիությունն էապես տարբերվում է ըստ մարզերի' Արագածոտնի և Գեղարքունիքի 1.1 ծնունդ մեկ կնոջ հաշվով գործակիցների մինչև Տավուշի 2.4 ծնունդ մեկ կնոջ հաշվով գործակիցը»,- ասաց Սարիբեկյանը:
Նրա խոսքով' ծնելիությունը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց: «Այսպես, միայն հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում այս գործակիցը կազմում է 2.8 ծնունդ մեկ կնոջ հաշվով, մինչդեռ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում' 1.6 ծնունդ մեկ կնոջ հաշվով: Որևէ հստակ կապ ծնելիության և տնային տնտեսությունների բարեկեցության միջև չկա»,- նշեց Սարիբեկյանը:


ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը նշեց, որ Հայաստանում կանայք և տղամարդիկ գրեթե նույն տարիքում են սկսում սեռական կյանքը:


«25-49 տարեկան կանանց և տղամարդկանց համար միջին տարիքն առաջին սեռական հարաբերությունների ժամանակ 21.2-ն է: Կանանց միջին տարիքն առաջին ամուսնության ժամանակ 21.4-ն է, այսինքն' սեռական կյանքը սկսելուց կարճ ժամանակ անց: Տղամարդիկ ավելի մեծ տարիքում են ամուսնանում. 30-49 տարեկան տղամարդկանց շրջանում ամուսնության միջին տարիքը 25.9-ն է: Կանանց միջին տարիքն առաջին ամուսնության ժամանակ կտրուկ աճում է կրթական մակարդակի աճին զուգընթաց՝ կազմելով 18.8 տարեկան հիմանական կրթություն ունեցող կանանց շրջանում և 24.1 տարեկան' բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում»,- ասաց Սարիբեկյանը:


Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը, վկայակոչելով զեկույցը, հայտնեց, որ կանայք առաջին անգամ ծննդաբերում են ամուսնությունից հետո 1.5 տարի անց. միջին տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ 22.8 տարեկան է:
«Միջին տարիքը էապես փոխվում է ըստ մարզերի: Գեղարքունիքում բնակվող կանանց միջին տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ մոտ 3 տարով ավելի է' համապատասխանաբար 21.4 և 24.5 տարեկան»,- եզրափակեց Սարիբեկյանը: