Չինաստանում կրճատվել է ամուսնությունների թիվը. 2022թ. այն հասել է ամենացածր մակարդակին՝ շարունակելով նվազել վերջին տասնամյակում, այս հարցում կարող են իրենց ազդեցությունն ունեցած լինել նաեւ քովիդը եւ նրա սահմանափակումները, տեղեկացրել է Yicai պարբերականը։
Չինաստանի քաղաքացիական գործերի նախարարության տվյալներով՝ անցած տարի ամուսնություն է գրանցել 6,83 մլն զույգ, ինչը մոտ 800 000-ով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ։
Իշխանությունները պայքարում են ծնելիության նվազման եւ բնակչության թվաքանակի կրճատման դեմ։
2022թ. Չինաստանի բնակչությունը կրճատվել է վեց տասնամյակում առաջին անգամ, եւ սպասվում է, որ այդ կրճատումը կնշանավորի երկարատեւ ժամանակաշրջան երկրի եւ ամբողջ աշխարհի տնտեսությունների համար բացասական հետեւանքներով։
Չինաստանում ծնելիության մակարդակն անցած տարի նվազել է՝ 1 000 մարդու հաշվով հասնելով 6,77-ի, ինչը ամենացածր ցուցանիշն է դիտարկումների պատմության ամբողջ ընթացքում. 2021թ. այդ ցուցանիշը 7,52 էր։
Ժողովրդագիրները նախազգուշացնում են, որ Չինաստանը կծերանա ավելի շուտ, քան կհարստանա, քանի որ նրա աշխատուժը կրճատվում է, եւ տեղի իշխանություններն ավելի շատ են ծախսում իրենց տարեց բնակչության վրա։
Ամուսնությունների եւ մանկածնության խրախուսման համար Չինաստանն անցած ամիս հայտարարել է, որ պիլոտային նախագծեր է սկսում ավելի քան 20 քաղաքներում՝ ամուսնության մշակույթի եւ մանկածնության «նոր դարաշրջան» սկսելու համար։
Որոշ նահանգներում նորապսակներին տրամադրում են նաեւ վճարովի արձակուրդ, տեղեկացրել է Reuters-ը։