Գյումրիում անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման յուրօրինակ բարեգործական նաձախեռնությամբ կրկին հանդես է գալիս Շիրակի թեմի Սբ. Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ը, որի անդամները հայտարարում են «1 բացիկ=1 բնակարան 2» ծրագրի մեկնարկի մասին:

 

Սա ջոկատի նմանատիպ արդեն երկրորդ նախաձեռնությունն է. 2013 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին, ծրագրի առաջին փուլի շրջանակներում, տպագրվեց 15 հազար բացիկ' յուրաքանչյուրը 4 00 դրամ արժեքով: Վաճառքից ստացված հասույթով ջոկատը գնեց բնակարան Ալեքսանյանների անօթևան ընտանիքի համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ջոկատի հանրային կապերի պատասխանատու Գայանե Ավետիսյանը, ինչպես նախորդ, այդպես էլ այս ծրագրի նպատակը 1988 թ.-ի աղետալի երկրաշարժից տուժած մեկ անօթևան ընտանիքի բնակարանով ապահովելն էր:

 

«Ծրագրի առաջին փուլի ժամանակ Գյումրու կողքին կանգնեցին սրտացավ մարդիկ Հայաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև' սփյուռքից: Ոգևորվելով նախորդ ծրագրի արդյունքից՝ ջոկատցիներն այս տարի ևս ձեռնամուխ եղան ծրագրի շարունակությանը: Այս անգամ ևս ցանկացած մարդ, ձեռք բերելով մեկ բացիկ, մասնակից է դառնալու այս ծրագրին՝ մեկ քար ևս ավելացնելով անօթևան ընտանիքի տան հիմքին»,- նշեց Գայանե Ավետիսյանը:

 

Ծրագրի շրջանակներում տպագրվել է 13 հազար բացիկ, ևս հազարը տպագրատունն իր կողմից է տրամադրել ջոկատին: Ինչպես նախորդ ծրագրի ժամանակ, այս անգամ ևս 1 բացիկը կիրացվի 400 դրամ արժեքով:

 

Արմենուհի Մխոյան