Կառավարությունը Հարկային օրենսգրքում կատարեց փոփոխություններ, որոնք վերաբերում են նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու համար հիպոթեքային վարկից օգտվողներին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ այսուհետ եկամտահարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե շահառուն 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան է ձեռք բերում, և վարկառուն կամ համավարկառուն չունեն այլ սեփականություն:
«Մենք այստեղ դնելու ենք բացառապես սոցիալական մոտեցում, այսինքն՝ թիրախավորելու ենք միջին և ցածր խավին: Հարց է առաջանում՝ եթե մարդն ունի մեկ բնակարան, ևս երկուսը գնում է, ապա ինչո՞ւ պետք է հարկատուների հաշվին նրա եկամտային հարկը հետ վերադարձվի: Դրա համար մենք վերաիմաստավորում ենք, փորձում ենք հարկատուների փողերն ավելի նպատակային ծախսել: Պետք է թույլ չտանք, որ մարդը, լինելով ունևոր, հարկատուների հաշվին օգտվի այս նորմից, դա ճիշտ չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարդան Արամյանը՝ ավելացնելով, որ այս դրույթը 2018 թվականի հունվարի մեկից կմտնի ուժի մեջ, օրենքը հետադարձ ուժ չի ունենա:
Վարդան Արամյանն ասաց, որ իրենց դիտարկումները ցույց են տալիս հետևյալը՝ 2016-2017 թվականներին ծրագրի շահառուների շուրջ 80 տոկոսը եղել են 55 մլն դրամից ցածր բնակարան ձեռք բերողները: Թեկուզ թանկարժեք բնակարան գնողները 20 տոկոս են կազմել, բայց պետք է այնպես անել, որ դա էլ չլինի: