Ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր՝ ապրիլի 1-ին, շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով արտագնա դատական նիստը: Նիստի ընթացքում ներկայացվեցին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մանրամասները, այն, թե ինչպես է ռուս զինծառայողը դանակի հարվածներով և կրակոցներով սպանել նրանց։

Դատական նիստին ներկա են Ավետիսյանների հարազատները, ովքեր սպանության մանրամասների ներկայացման ժամանակ չդիմանալով՝ դուրս եկան դահլիճից: Ըստ ներկայացված նյութերի և ստի դետեկտորով կատարված փորձաքննության՝ Պերմյակովն Արմեն Ավետիսյանին սպանել է երկու կրակոցով։ Փորձաքննության ընթացքում Պերմյակովը հայտնել է, որ երկրորդ անգամ ընկած դիրքում կրակել է Արմեն Ավետիսյանին և վերջնական սպանել նրան: Արմեն Ավետիսյանի քրոջը՝ Աիդա Ավետիսյանին, ռուս զինծառայողը կրակել է, երբ վերջինս եղել է պառկած վիճակում։ Ընտանիքի հարսը՝ 25-ամյա Արաքսյան, սպանվել է երկու կրակոցով՝ գլխի շրջանում, երբ վերջինս փորձել է թաքնվել վերմակի տակ։ Հասմիկ Ավետիսյանը՝ ընտանիքի մայրը, սպանվել է մեկ կրակոցով և սվին դանակի հարվածով, նրա ամուսինը՝ Սերյոժա Ավետիսյանը, սպանվել է 2 կրակոցով։

 

Ստի դետեկտորով կատարված փորձաքննություններն ապացուցում են, որ Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն և այնտեղ գտնվող բոլորին սպանել։ Ըստ փորձաքննության՝ Պերմյակովը միայնակ է կատարել սպանությունը: Ստի դետեկտորով փորձաքննության ժամանակ Պերմյակովին հարց է տրվել՝ ինքը դիտավորյա՞լ է մուտք գործել այդ բնակարան, թե՞ ոչ: Նրա պատասախաններից պարզ է դարձել, որ Պերմյակովը մինչ Ավետիսյանների բնակարան մուտք գործելը, այլ տներ ևս մտել է:

 

Քրեական գործի 26 հատորների հրապարակումից հետո կլինի Պերմյակովի հարցաքննությունը:

 

Հիշեցնենք, որ նախորդ դատավարությանը ներկայացվեցին փաստեր 26 հատորանոց քրեական գործից: Դրանցում հատկապես ուշագրավ էր Պերմյակովի սրտառուչ նամակներն ուղղված մորը, որտեղ ներողություն էր խնդրում ծնողներից՝ խայտառակ լինելու և մարդասպանության համար, նրա նամակագրությունը հոր հետ և այլն։ Դատական նիստը շարունակվում է։