Ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ, դասալքության է դիմել ու զենք է վերցրել' մարդկանցից գումար հափշտակելու և Ռուսաստան' տուն մեկնելու նպատակով: Այս մասին նշված է Պերմյակովի նախաքննական ցուցմունքներում, որոնք ընթերցվել են օգո ստոսի 12-ին 102-րդ բազայի տարածքում ՌԴ Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստի ընթացքում, երբ Պերմյակովը հրաժարվել է հարցաքննությունից:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ' նախաքննական ցուցմունքում նշվում է, որ Պերմյակովը թիվ 2 պահակակետի հերթապահությունը ստանձնել է գիշերը ժամը 1-ի սահմաններում և 2-ի սահմաններում լքել է բազայի տարածքը հափշտակված զենք զինամթերով, սվին դանակով: Ժամը վեցի սահմաններում հասել է Մյասնիկյան փողոց, ընտրել է պատահական տուն, որի դարպասները բաց են եղել, կոտրել է դռան ապակին, զենքը դրել ավտոմատ կրակահերթի դիրք և մտել տուն: Նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որը վերաբերել է սպանությանը, չի ընթերցվել, քանի որ այդ մասով գործը հայկական կողմի վարույթում է:

 

Տնից դուրս գալիս զենք-զինամթերքը թողել է տան բազմոցին, վերցրել 5 հազար դրամ, երեք հեռախոս, ինչպես նաև քաղաքացիական հագուստ, հագնելով այն լքել է տունը' նպատակ ունենալով հասնել և հատել հայ-թուրքական սահմանը: Մինչ սահման հասնելը քիչ հեռավորության վրա տեսել է դատարկ շինություն, որտեղ որոշ ժամանակ թաքնվել է: Ընթերցված հարցաքննություններից ոչ մեկի մեջ նշված չի եղել, որ Ավետիսյանների տուն մտել է ջուր խմելու հատուկ նպատակով: Դրա փոխարեն մի քանի տեղ նշվում է, որ դասալքության է դիմել և զենք-զինամթերք է գողացել սեփական ցանկությամբ ընտանիքի կարո տից ելնելով և ՌԴ մեկնելու նպատակով:

 

Պերմյակովը նշել է, որ զենքը վերցրել է շներին վախեցնելու և ՌԴ մեկնելու նպատակով անհրաժեշտ գումար մարդկանցից հափշտակելու համար: Բոլոր հարցաքննությունների ընթացքում Պերմյակովն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Այն հարցին, թե ինչն էր 102-րդ բազան լքելու պատճառը, նշել է, որ միակ պատճառը չծառայելն ու տուն մեկնելու ցանկությունն է եղել: Նշել է, որ ավտոմատով Ավետիսյանների տուն է մտել պարզապես անհրաժեշտ գումար հափշտակելու նպատակով:

 

Պերմյակովի որոշ հարցաքննություններ իրարամերժ էին, եթե մեկի ժամանակ նշել է, որ հայ-թուրքական սահմանի ճանապարհին հեռախոսով զանգել է և պատվիրել սնունդ ու մեքենա, ապա մյուսի մեջ նշել է, որ նման բան չի եղել: Նա նաև նշել է, որ լավ ծանոթ չի եղել մինչև սահման ընկած ճանապարհին:

 

Նախաքննական ցուցմունքներն ընթերցելուց հետո խոսքը տրվեց տուժողի ներկայացուցիչ, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ուստինովին, ով, պատմելով այդ օրվա մանրամասները, նշեց, որ Պերմյակովի բացակայության մասին իմացել են ժամը 3-ի մոտ:

 

Փնտրել են բազայի տարածքում, իսկ ժամը վեցից հետո' նաև լրացուցիչ ուժերով' քաղաքում: Ուստինովն արձանագրել է, որ Պերմյակովը որևէ բողոք ոչ առողջական վիճակի, ոչ ծառայակիցների հետ հարաբերությունների առումով չի ունեցել: Դատական այս նիստին հարցաքննվում են վկաները' բազայի ծառայողները: