Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան լքել էր Ռուսաստանի Դաշնության պետական սահման հասնելու նպատակով: Լրագրողների հետ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց Ավետիսյանների ընտանիքի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը: «Երբ Վալերի Պերմյակովին քննիչները հարցրել են, թե ինչու ես մտել հենց Ավետիսյանների տուն, նա պատասխանել է, որ երկար փնտրելուց հետո դա միակ բաց դարպասով տունն է եղել: Այնուհետև փորձել է թակել դուռը, բայց արձագանք չի եղել, մտածել է, որ տանը մարդ չկա, բայց զենքը լիցքավորել է, որ եթե տանը մարդիկ լինեին, որոնք կխոչընդոտեին իրեն հագուստ, գումար հայթայթելու հարցում, ապա սպանելու էր նրանց»,- նշեց նա' հավելելով, որ Պերմյակովը ասել էր նաև, որ հայ-թուրքական պետական սահմանը փորձել է հատել' նպատակ ունենալով խուսափել այդ սպանությունների համար նախատեսվող պատասխանատվությունից:

 

 

Իր հերթին Ավետիսյանների ընտանիքի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նշեց, որ ռուսական կողմի ներկայացված նյութերում առկա են Վալերի Պերմյակովի դատաբժշկական և արյան փորձաքննությունnերի արդյունքները, որոնց համաձայն' Պերմյակովի մարմնի վրա առկա չեն վնասվածքներ, իսկ արյան մեջ հայտնաբերված չեն ոգելից խմիչքի և թմրանյութերի հետքեր: «Ավետիսյանների տնից հափշտակված հեռախոսները և հագուստը ճանաչման են ենթարկվել տուժողի իրավահաջորդների կողմից' որպես Ավետիսյանների ընտանիքի անդամներին պատկանող իրեր: Բացի այդ՝ մենք բանավոր և գրավոր միջնորդություններ ենք ներկայացրել, որոնցում հիմնավորել ենք, որ մեղադրական եզրակացության մեջ պետք է կատարվեն վերաորակավորումներ՝ այնտեղ ներառելով ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման հետ կապված (այդ միջնորդությունը ժամանակին հետաձգվել էր Քննչական կոմիտեի կողմից) մեղադրանքները»,- շեշտեց Երեմ Սարգսյանը: