19-ամյա Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ, դեռևս Չիտայում ծառայության ժամանակ մեկ ամսից ավել բուժվել է կլինիկական զինվորական հիվանդանոցի հոգեբուժարանում: Այս մասին հայտնել է LifeNews-ը:
Բժիշկները նրա վարքագծում լուրջ շեղումներ են հայտնաբերել:
Ռուսաստանի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները պարզում են, թե ինչպես է մշտապես հոգեբույժի հսկողության տակ գտնվող զինծառայողն առաջարկվել Հայաստանում ռուսական ռազմաբազա տեղափոխվելու համար:
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, Վալերի Պերմյակովը զորակոչվել է Չիտայում 2014 թվականի մայիսի 15-ին և ծառայել է այնտեղ մինչև դեկտեմբերի 3-ը: Միայն տարվա վերջում է որոշվել նրան Գյումրի տեղափոխել: Տեղի աշխատակիցները, սակայն, թաքցրել են այն փաստը, որ Պերմյակովը փաստացիորեն զորակոչվելուց անմիջապես հետո ընկել է կլինիկական զինվորական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք և այնտեղ մնացել մինչև հունիսի վերջ:
Այժմ զինվորականները կասկածվում են անփութության մեջ, որը կարող էր ողբերգության պատճառը դառնալ: Քրեական գործ է հարուցվել Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկու, ինչպես նաև զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի նկատմամբ: Զինկոմիսարիատը կասկածվում է նրանում, որ ի սկզբանե ընդունել է ծառայության մի զինծառայողի, ով ուներ հոգեկան խնդիրներ, ընդ որում՝ փաստաթղթերն ամրագրելով դրական բնութագրով: