Այսօր՝ հուլիսի 14-ին, Բաքվի դատարաններից մեկում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի շինծու քրեական գործերով դատավարությունը։ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ կայացած նիստում դատախազը նրանց համար մեղադրական դատավճիռ է պահանջել: Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին շինծու մեղադրանք էր առաջադրվել «խոշտանգման և պատերազմի օրենքների ու սովորույթների խախտման» հոդվածներով, իբրև թե «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման և պետության սահմանների ապօրինի հատման» հոդվածներով: Ի թիվս վերը նշված հոդվածների՝ նրանց առաջադրվել են մի շարք այլ մեղադրանքներ։