Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը դեռևս անհայտ է, որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Այս պահի դրությամբ դեռ նորություն չկա: Երեկ ամբողջ օրը որոնողա-փրկարարական աշխատանքներն ընթացել են եղանակային բարդ պայմաններում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողա-փրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են. «Եղանակը այսօր շատ ավելի բարենպաստ է, ինչը չէր կարելի ասել երեկվա մասին»:
Ավելի վաղ՝ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Սյունիքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։
Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Նալբանդյանի և Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Հավելենք' Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։