Դոնբասի՝ շուրջ 40 հազար բնակիչ տուն է վերադարձել Ուկրաինայի այլ մարզերից: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախագահ Սերգեյ Բոչովսկիին:

 

«Վերջին մի քանի օրվա ընթացքում առաջին անգամ է նկատվում տեղահանված մարդկանց թվաքանակի նվազեցում: Ուկրաինայի արևելքի բնակիչները տուն են վերադառնում: Այսպիսով՝ վերջին օրերի ընթացքում մշտական բնակության վայր է վերադարձել 2281 մարդ, որոնց զգալի մասը վերադարձել են հենց Դոնեցկի մարզ' 1863 բնակիչ: Ընդհանուր առմամբ, միջգերատեսչական համակարգման շտաբի տվյալներով հարազատ բնակավայր է վերադարձել 39.550 մարդ»,- Բոչովսկիի խոսքը մեջբերում կայքը:

Նա նշեց, որ մարդիկ սկսում են տուն վերադառնալ մարտական գործողություններից տուժած քաղաքների ենթակառույցների աստիճանական վերականգման և Դոնբասի կենսագործունեության վերականգնման հետ կապված:

 

Ապրիլին Կիևի իշխանություններն Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություն են սկսել փետրվարյան հեղաշրջումից դժգոհ տարածաշրջանի բնակչության դեմ: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել ավելի քան 2,7 հազար խաղաղ քաղաքացի: Հատուկ գործողությունը Մոսկվայում պատժիչ են անվանել և բազմիցս կոչ են արել միջազգային հանրությանը ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կրակի դադարեցման համար: Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցով սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած շփման խմբի հետ հանդիպման շրջանակներում Կիևի իշխանության ներկայացուցիչները և աշխարհազորայինները համաձայնության են եկել կրակի դադարեցման հարցով, որը ուժի մեջ է մտել նույն օրը ժամը 19.00-ին: