Կայուն զարգացման ասպարեզում Հայաստանը ունի ձեռքբերումներ Մարդկային զարգացման համաթվի հաշվարկման ոլորտում: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողներին տեղեկացրեց բնապահպան Կարինե Դանիելյանը, ով օրերս վերադարձել է Ալմա Աթայից «Ռիո+20» գագաթաժողովի աշխատանքներին ընդառաջ տեղի ունեցած հանդիպումից:

 

«ՄԱԿ-ի կողմից արդեն երկար տարիներ կիրառվում է Մարդկային զարգացման համաթվի հաշվարկը: Այն իր մեջ ներառում է յուրաքանչյուր երկրի մեկ բնակչին համապատասխանող ՀՆԱ, մարդու կյանքի միջին տևողությունը և կրթական ցենզը:

 

Հայաստանի առաջարկով այն համալրվել է չորրորդ չափանիշով՝ էկոլոգիական համաթիվով, որը հաշվարկվում է համաձայն երկրի բնապահպանական չափանիշների», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' տեղեկացրեց Կարինե Դանիելյանը:

 

Բնապահպանը հավելեց, որ ՀՀ կառավարության, հանրության, և անկախ փորձագետների հետ համատեղ իրականացվում է ծրագիր, որի նպատակն է գործողությունների պլանի մշակում բնապահպանական ոլորտում մարդկային զարգացման համաթվի չափանիշի բարելավման նպատակով: Այն ընդգրկում է իր մեջ թափոնների կառավարման, ընդերքի ու ջրային ռեսուրսների օգտագործումը, այլընտրանքային էներգիայի կիրառման, կանաչ տնտեսության զարգացման և այլն:

 

«ԽՍՀՄ տարիներին Հայաստանը մարդկային զարգացման համաթվի սանդղակում 193-ից երկրներից զբաղեցնում էր 57 տեղը, անկախության առաջին տարիներին այն ընկավ մինչև 104 տեղը: Այսօր մենք վերադառնում ենք 90-ական հորիզոնականների վրա: Այսօր Հայաստանը այն եզակի երկրներից է, որ ունի նոր հաշվակով կատարած գնահատումները: Եվ Ալմա Աթայում կայացած համաժողովի ընթացքում մեր պատվիրակությանն առաջարկվեց կիսվել էկոլոգիական համաթվի ներդրման ու հաշվարկի կատարման փորձով տարածաշրջանային երկրների հետ», - տեղեկացրեց Կարինե Դանիելյանը:

 

ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթաժողովի «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կառավարությանն արդեն ներկայացրել է որոշումների ինտեգրման փաթեթը:

 

Այն իր մեջ ներառում է ընդերքի օգտագործում, շրջակա միջավայր և բնակչության առողջություն, այլընտրանքային էներգետիկայի զարգացում և էներգախնայողություն, ջրային ռեսուրսների կայուն կառավարում, թափոնների կայուն կառավարում, օրգանական գյուղատնտեսության զարգացում, կայուն տուրիզմի զարգացում, կայուն քաղաքների կանաչ ճարտարապետության զարգացում, կայուն անտառակառավարում, կենսաբազմազանության պահպանում, «Կրթություն հանուն կայուն զարգացման» ՄԱԿ-ի տասնամյակի իրականացում, հազարամյակի զարգացման նպատակների վերափոխում կայուն զարգացման նպատակների, ինչպես նաև աղքատության հաղթահարման և կայուն զարգացման նպատակով կանաչ տնտեսության զարգացման ոլորտում օրենսդրական ու տնտեսական գործիքների ներդրման խթանում: