Հայաստանից Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Հրանտ անունով փղին սեպտեմբերի 18-ին վիրահատելու են, հատուկ այդ նպատակով Վրաստան է ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող ատամնաբույժ Փիթեր Կերտեսը: Բանն այն է, որ Հրանտը կոտրել է ժանիքները ծնոտոսկրի մոտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիային»:

 

«Հրանտի ժանիքները կոտրվել են ծնոտոսկրին այնքան մոտ, որ բորբոքային պրոցեսից խուսափելու համար անհրաժեշտ է ժանիքների խոռոչի ամենօրյա ողողում»,- ասված է Թբիլիսիի կենդանաբանական այգու սեպտեմբերի 16-ի հաղորդագրության մեջ:

 

Փղին չի կարելի երկար ժամանակ թողնել այդ վիճակում, քանի որ օրգանիզմում բորբոքման օջախի մշտական առկայությունը կարող է հանգեցնել կենդանու զոհվելուն:

 

«Ուստի փղի առողջությունն ու կյանքը պահպանելու համար որոշվել է կատարել վիրահատություն և հեռացնել կոտրված ժանիքները»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

6-տոննանոց Հրանտը Երևանից Թբիլիսի էր տեղափոխվել այս տարվա հունիսին: Ավելի վաղ Թբիլիսիի և Երևանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակում իրականացնել». թբիլիսյան Մալկա էգ փղին փեսացու էր հարկավոր: Իսկ նրա վեց տարեկան ձագը՝ Բունկան, Երևան է ուղարկվել Հրանտի փոխարեն: