Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով վերանորոգվող 57 կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններից 50-ում աշխատանքներն ավարտված են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են շախմատի նոր դպրոցների շինարարական աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ, ինչպես նաև կազմել նախագիծ-նախահաշիվ 2015 թվականին վարչական մյուս շրջաններում ևս շախմատի դպրոցներ հիմնելու նպատակով:
Վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով շարունակվում են փողոցների հիմնանորոգման և ասֆալտապատման ընթացիկ աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացիկ նորոգման ենթակա 976 հազար քմ ասֆալտբետոնե ծածկից արդեն իսկ վերանորոգվել է 766 հազար քմ-ը, ավարտվել է նաև թվով 9 փողոցների հիմնանորոգումը:
Այս ուղղությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել որակի ապահովման նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը և գործընթացը պահել մշտական ուշադրության ներքո: