Բյուրականի աստղադիտարանի խոշորագույն դիտակը, որը տարածաշրջանում միակն է իր հզորությամբ, 1980-ական թվականից մինչև անցյալ տարի չէր հայելապատվել, այն դեպքում, երբ նմանատիպ դիտակները տարեկան մի քանի անգամ պետք է հայելապատվեն: Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
«Վերջապես երկու տարի առաջ Բյուրականի աստղադիտարանը ստացավ ազգային արժեքի կարգավիճակ, ինչի արդյունքում երեք անգամ ավելացավ աստղադիտարանի ֆինանսավորումը: Դա թույլ է տալիս սկսել կուտակված խնդիրների լուծումը, որոնք հավաքվել էին ինսունականների սկզբից», - ասաց Հայկ Հարությունյանը:
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը հայտնեց, որ իրենք ստացել են հնարավորություն լուծել սարքավորումների արդիականացման խնդիրը, որը Խորհրդային Միության փլուզման պատճառով դժվար էր իրականացնել: Բյուրականի դեպքում նմանատիպ գործընթացը իրականացնելու համար պահանջվեց գրեթե 30 տարի, քանի որ չկար ֆինանսավորում, չկային սարքավորումներ, չկար մասնագիտական կազմ:
«Անցած տարի սկվեց արդիականացումը, և այսօր մենք ունենք նոր հայելի, և հիմա իրականացվում է աստղադիտակի հեռակառավարման համակարգի ներդրումը: Վաթսունական թվականներին ակռա գաղափարախոսության հիման վրա, յոթանասունականներին կառուցված կիրառվող սարքավորումներն այլ երկրներում արդեն տեղադրված են միայն թանգարաններում:
Հոկտեմբերի վերջին դրանք կփոխարինվեն նորերով, և մենք կանցնենք նոր համակարգի, որը և թույլ կտա դիտակը կառավարել հեռավորության վրա՝ համացանցի միջոցով», - հավելեց Հայկ Հարությունյանը:
«Մենք շատ ենք կարևորում այս աշխատանքները, քանի որ Բյուրականի աստղադիտարանը միշտ աշխարհում հայտնի է եղել որպես դիտողական աստղագիտության կենտրոն:
Մենք ստանացանք այն հնարավորությունը, որ Բյուրականի աստղադիտարանի դիտակները բերվեն ժամանակակից համաշխարհային մակարդակի, որը թույլ կտա դիտումներ կատարել ժամանակակից մակարդակով և բարձր ճշտությամբ», - ուրախությամբ նշեց աստղադիտարանի տնօրենը:
Դրան զուգահեռ, Բյուրականի աստղադիտարանում իրականացվում է մեկ այլ' Շմիդտի համակարգի դիտակի արդիականացումը, որն ինսուննականների սկբից չէր աշխատում, և այս տարվա վերջին կիրականացվեն առաջին դիտումները: