Ադրբեջանում շարունակվում են հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի խոշտանգումները Քյուրդախանը կալանավայրի մեկուսարանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Լեյլա Յունուսի փաստաբան Ալաիֆ Հասանովը լրագրողներին հայտնել է, որ նրա նկատմամբ խոշտանգումներն ուժեղացնելու համար բանտախուց են տեղափոխել երկրորդ քրեական հանցագործին:
«Նրա խցում է եւս մեկ քրեական հանցագործ, ով Յունուսի դեմ գրոհներում միացել է առաջին իսկ օրվանից այնտեղ գտնվող բազմակի քրեական հանցագործ Նուրիդա Հուսեյնովային: Լեյլա Յունուսի բանտային պայմաններն անթույլատրելի են: Երկու քրեական հանցագործներն էլ ծխում են, ինչը հսկայական խնդիրներ է առաջացնում Յունուսի առողջության համար, ով առանց այդ էլ տառապում է թարմ օդի անբավարարությունից: Քրեականները զբաղված են այն բանով, որ գովաբանում են իշխող ռեժիմը եւ Յունուսին մեղադրում հակապետական գործունեության մեջ», -ասել է փաստաբանը:
Բաքվի քրեակատարողական ծառայությունը հերքում է Լեյլա Յունուսի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների մասին փաստերը:
Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը' Արիֆ Յունուսը մեղադրվում են «հայրենիքի դավաճանության, խարդախության, հարկերից խուսափելու» մեջ եւ ձերբակալվել են: Սակայն, այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն: Amnesty International-ը նրանց ճանաչել է որպես «խղճի բանտարկյալներ»: