Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը, ով ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 30-ին, Քյուրդախանի հետաքննչական մեկուսարանից տեղափոխվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հետաքննչական մեկուսարան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 

Ինստիտուտի փորձագետ Ազադ Իսազադեն հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ի առավոտյան ժամանել է Քյուրդախանի մեկուսարան, որպեսզի ծանրոց հանձնի Լեյլա Յունուսին, բայց ղեկավարությունը հայտնել է, որ նա տեղափոխվել է ԱԱՆ:

 

Լեյլա Յունուսը Քյուրդախանի մեկուսարանում գտնվել է 2,5 ամիս եւ պարբերաբար գանգատվել է իր նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական ճնշում գործադրվելուց:

 

Օգոստոսի սկզբից Ադրբեջանի ԱԱՆ հետաքննչական մեկուսարանում է գտնվում նաեւ Լեյլա Յունուսի ամուսինը' Արիֆ Յունուսը: Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները գտնվում են հետաքննության տակ «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով: Նրանց մեղադրում են այն բանում, որ մասնակցել են «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրին, որն ուղղված էր հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցմանը: Ձերբակալությունից առաջ Լեյլա Յունուսը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակց ող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ: