Ադրբեջանցի իրավապաշտպան, Բաքվում Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Լեյլա Յունուսը բանտում ենթարկվում է բռնությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, այս մասին Լեյլա Յունուսի հետ հանդիպումից հետո հայտարարել են նրա իրավաբանները:

 

Նրանք հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում Յունուսին տաք ջուր չեն տրամադրել, և նա ստիպված է եղել լողանալ սառը ջրով: Արդյունքում, ադրբեջանցի իրավապաշտպանը մրսել է և հիվանդացել: Չնայած Լեյլա Յունուսի բարձրացած ջերմությանը, այդուհանդերձ, նրան բժշկական որևէ օգնություն չի ցուցաբերվել:

 

Յունուսի իրավաբանները պատմել են, որ օրերս որոշակի գրություններ գտնելու ակնկալիքով բանտի աշխատակիցները բանտախցում որոնում են իրականացրել, ինչից հետո հայտարարվել է, թե ադրբեջանցի իրավապաշտպանը պատժվում է և մեկ ամիս չի կարողանա հեռախոսով զրուցել մտերիմների հետ: Լեյլա Յունուսն իր իրավաբաններին հատնել է նաև, որ բանտապահը ծեծի է ենթարկել իրեն: Նա խնդրել է Կարմիր խաչ միջազգային կազակերպությունից մեկուսարանում այցելել իրեն և տեղեկանալ վիճակի մասին: