Մասնագիտական գործունեության հետևանքով կալանավորված ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովային մեկ օրով փակել են մենախցում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտնել է լրագրողի փաստաբան Յալչին Իմանովը:

 

Իսմայիլովային մենախուց տեղափոխելու պատճառը եղել է լրատվամիջոցներից մեկում նրա հոդվածի հրապարակումը: Բանտի աշխատակիցները հարցաքննել են լրագրողին' ցանկանալով իմանալ, թե ինչպես է հոդվածը տրամադրել լրատվամիջոցին: Իսմայիլովան ի պատասխան ասել է, թե հոդվածի փոխանցումը կատարել է «հեռազգացության» միջոցով: Նման պատասխանից հետո լրագրողուհուն տեղափոխել են մենախուց, իսկ նրա բանտախուցը խուզարկել են' բռնագրավելով բոլոր գրառումները:

 

Փաստաբան Իմանովը հայտնել է, որ օրենքի համաձայն մենախուց կարելի է տեղափոխել միայն կարգուկանոնը խախտելու դեպքում, իսկ հոդվածի տարածումը լրատվականներում օրենքի խախտում չէ, քանի որ կալանավորներն էլ ունեն խոսքի և ազատ արտահայտման իրավունք: Փաստաբանը բողոքել է նաև այն բանի առնչությամբ, որ իր պաշտպանյալի հետ հանդիպումներին մշտապես ներկա են լինում բանտի աշխատակիները' խախտելով գաղտնիությունը:

 

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակն է, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի' օֆշորյան գոտիներում ունեցած հարյուր միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքը : Ադրբեջանի իշխանությունները, սակայն, նրան մեղադրում են քրեական օրենսգքրի 125-րդ հոդվածով. այն է' ինքնասպանության դրդում:

 

Խադիջա Իսմայիլովի ձերբակալությունը դատապարտել են նաեւ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանների կորպորացիաների գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը, ԱՄՆ հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դենիել Բայերը, Եվրոպայի Խորհուրդը, Ադրբեջանի &l aquo;Մուսավաթ», «Ումիդ», Ժողովրդական ճակատ կուսակցությունները եւ բազմաթիվ այլ միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններ: