Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Լեյլա Յունուսի առողջական վիճակը բանտում շարունակում է վատ մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեռջանական Contact.az-ը, այս մասին հայտնել է Յունուսի փաստաբան Ալաիֆ Հասանովը, ով վերջերս այցելել է իր պաշտպանյալի ն:

 

«Նա շարունակում է նիհարել և շատ թույլ է, ինչը դիաբետի արդյունքն է: Չնայած դեղամիջոցներին' երիկամների խնդիրները և հեպատիտ C-ի հետևանքները ևս զգացնել են տալիս: Այժմ նա կշռում է ընդամենը 48 կգ, թեպետ ձերբակալման պահին 62 կգ էր»,- ասել է Հասանովը: Նա նշել է, որ իրավապաշտպանը որևէ բուժում չի ստանում, իսկ դեղամիջոցները, որոնք նա ստանում է, ուղղվում են Գերմանիայի դեսպանությունից: Յունուսի փաստաբանը հայտնել է նաև, որ իր պաշտպանյալը չի վստահում տեղի բժիշկներին, ովքեր հետազոտում են իրեն:

 

Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները ձերբակալվել են պետական դավաճանության եւ այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն: Amnesty International կազմակերպությունը նրանց «խղճի բանտարկյալներ» է ճանաչել: