«Ադրբեջանն առանց քաղաբանտարկյալների դաշինք»-ի համակարգող Օգթայ Գյուլաիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը ոչ մի քայլ չի կատարում շինծու մեղադրանքներով ամիսներ առաջ կալանված հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի վատացած առաջողական վիճակը բարելավելու ուղղությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանցի փորձագետը հայտարարել է «Ազադլըգ» թերթի հետ զրույցում:

 

 

Անդրադառնալով Գերմանիայցի ժամանած բժիշկների կողմից Լ.Յունուսին զննելու արդյունքներին, փորձագետն ասել է. «Լեյլա Յունուսին զննելու ժամանակ բժիշկները նրա մոտ լուրջ խնդիրներ են նկատել: Լեյլա Յունուսի փաստաբանը, մերձավորները հայտնել են, որ բանտարկության օրվանից իրավապաշտպանի առողջական վիճակում առաջընթաց չի եղել, նրան միայն   ցավազրկող դեղամիջոցներ են տրվել:

 

 

Բանտային պայմանները նրա նման հիվանդների հիվանդությունն անվելի են սրում: Ապօրինի ձերբակալվելու եւ առողջական խնդիրներ ունենալու պատճառով նա պետք է դուրս բերվի բանտային պայմաններից եւ լուրջ բուժում անցնի: Ափսոս, որ, չնայած տեղացի եւ< /b> արտասահմանցի իրավապաշտպանների, միջազգային կազմակերպություների եւ մի շարք պաշտոնական կառույցների առաջարկներին, իշխանությունը այդ ուղղությամբ քայլ չի կատարում»:

 

 

«Ազադլըգ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 12-ին գերմանացի բժիշկ Քրիստիան Վիտտը հերթական անգամ բանտում զննել է Լ.Յունուսին եւ անալիզներից եզրակացրել, որ հեպատիտ C-ով վարակված նրա լյարդը գտնվում է քայքայման գործընթացում: Այդ մասին ԶԼՄ-երի հետ զրույցում Լ.Յունուսի փաստաբան Էլչին Ղամբարովըն ասել է, որ բժշկի դուրս գրած թանկարժեք դեղամիջոցները Ադրբեջանում չկան, դրանք շատ թանկ են, անելանելի վիճակ է ստեղծվել, եւ այժմ իրենք խնդիրը լուծելու ուղիներ են որոնում:

 

 

Թեմայի հետ կապված թերթի համառ հարցումներին Ադրբեջանի արդարադատության նախարարության գլխավոր բժշկական վարչությունը եւ քրեակատարողական ծառայությունը հրաժարվել են մեկնաբանություններից:

 

 

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը Բաքվում ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 30-ին: Նրան պետական դավաճանության եւ այլ շինծու հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել:

 

 

Լեյլա Յունուսը եւ նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրաձայնումն է եւ միջազգային կազմակերպություններին արված' Բաքվում անցկացվելիք եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն են:

 

 

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված, ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերխիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի:

 

 

Տեղական եւ միջազգային հանրության աջակցությունը սրընթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները: