Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, ճանաչված իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակը բանտում կտրուկ վատացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Էլչին Ղամբարովը:
Նրա խոսքով' Յունուսի մոտ լյարդի քայքայման պրոցես է սկսել, նա ճնշման լուրջ տատանումներ ունի եւ կորցրել է ուժերը' խրոնիկական թերսնման պատճառով: Ձերբակալության օրվանից Յունուսը 10 կգ քաշ է կորցրել:
Յունուսի փաստաբաններից Ռամիզ Մամեդովը նրանից վերցված անալիզների արդյունքների մասին պաշտոնական հարցում է ներկայացրել Քրեակատարողական հաստատությանը, սակայն, ղեկավարությունը հրաժարվել է գրանցել հարցումը, ինչն օրենքի կոպիտ խախտում է, հայտնել է ինքը' փաստաբանը:
Լեյլա Յունուսը տառապում է շաքարախտի ծանր տեսակով, եւ հուլիսին ձերբակալությունից հետո նա համապատասխան բուժում չի ստանում: Կալանավայրում հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների պատճառով նրա վիճակը շարունակաբար վատանում է:
Ադրբեջանի իշխանություններն արհամարհում են իրավապաշտպանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու մասին միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ դիմումները:
Լեյլա Յունուսը եւ նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն է եւ միջազգային կազմակերպություններին արված' Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն են:
Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի անվան պարգեւի, ով 2003 թվականի օգոստոսի 19-ին զոհվել է Իրաքում պայթյունի հետեւանքով: