Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա ներկայացրեց վերջերս ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

«Այս ընթացքում, ինչ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է, ավելացել են նրա հիվանդությունները: Նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Հիվանդությունները շատացել են: Մենք ահազանգում ենք, որ սա անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»-նշեց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվել է ամիսներ առաջ. «Մենք պնդեցինք, որ այդ հանձնաժողովում լինեն նաև մեր ներկայացուցիչները: Կալանքից հետո պարոն Գրիգորյանի առողջական վիճակը ավելի է վատացել: Նկատվում է բացասական դինամիկա: Նման իրավիճակում նրա կալանքի տակ մնալը անթույլատրելի է: Ուզում եմ հատուկ նշել, որ որոշ հիվանդություներ նա ձեռք է բերել կալանքի տակ լինելու ժամանակահատվածում»,- ընդգծեց փաստաբանը:

Բաղդասարյանը նշեց, որ այդ հանձնաժողովի ստեղծումը խիստ անհրաժեշտ էր. «Խիստ կարևոր էր հասկանալ՝ ավելացե՞լ են հիվանդությունները, թե՞ ոչ, ու կա՞ կյանքին սպառնացող վտանգ: Մեր խորին համոզմամբ՝ պատասխանը պետք է դրական լիներ: Հիմա նրան 2-3 ժամը մեկ ցավազրկում են»:

 

Փաստաբանի խոսքով՝ ամեն անգամ դատական նիստից առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնից փաստաթուղթ են ներկայացնում դատարան, առ այն, որ Գրիգորյանը չի կարող մասնակցել նիստին:

«Մենք վստահ ենք, որ հանձնաժողովի անդամները պրոֆեսիոնալ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են եղել, բայց նրանք, ամենայն հավանականությամբ, իրենց վճիռներում կաշկանդված են եղել»,- ընդգծեց Բաղդասարյանը:

 Լուսինե Մարդոյան