ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող գույքը, այդ թվում՝ մեքենաները, սնունդը դատարանի որոշմամբ հանձնվել է երրորդ անձի՝ ԵԿՄ-ի տնօրինմանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Դատարանի որոշման մի մասը պաշտպանական կողմի մոտ ընդհանրապես առարկություն չի առաջացրել, խոսքը վերաբերում է սննդին, քանի որ սնունդը կփչանա և անիմաստ կլինի, որ չտնօրինվի: Մանվել Գրիգորյանի և պաշտպանական կողմի կամքն էր, որ այն հանձնվի ԵԿՄ-ին: Իսկ մյուս մասը, որ վերաբերում է մեքենաներին, սարքավորումներին, ապա դրանք երրորդ անձանց անունով գրանցված տեխնիկաներ էին և դատարանի նման որոշումը, իմ կարծիքով բավարար չափով պատճառաբանված չէր: Ենթադրում եմ, որ ԵԿՄ-ն է նման հարցով դիմել դատարան»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ ԵԿՄ-ից Մանվել Գրիգորյանի հեռանալով, կառույցը թուլացել է, նվազել են ֆինանսական մուտքերը և կառույցի նախկին համբավը բարձր պահելը օրեցօր ավելի դժվար է.«Ուստի, քրեական գործում առկա երրորդ անձանց պատկանող մեքենաները, հատուկ ընդգծում եմ՝ ոչ թե Մանվել Գրիգորյանին պատկանող, այլ երրորդ անձանց պատկանող մեքենաները, դատարանի որոշմամբ' տրվեցին ԵԿՄ-ին: Այսպիսով, այդ կառույցը ոչ միայն պահպանելու է այդ տեխնիկան, այլ նաև՝ օգտագործելու»:
Մկրտչյանն ընդգծեց, որ դատարանը նման որոշում կայացնելով, ըստ էության, շատ անհանգստացած չէր, որ խախտվում են երրորդ անձանց իրավունքները:
«Այս որոշումը ուղղված էր նրան, որ հերթական անգամ ի ցույց դրվի՝ ինչպես ուզենք, այդպես կանենք»,-հավելեց փաստաբանը:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին վերաբերող մեր հարցին՝ փաստաբանը պատասխանեց. «Նրա առողջական վիճակը վատ է և օրեցօր ավելի է վատթարանում: Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում արտերկրում բուժում թույլ չտալը՝ խոշտանգման շարունակությունն է»: