ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Նշենք, որ ավելի վաղ փաստաբանն ասել էր՝ բժիշկներն աշխատում են նրա սրտի ռիթմը կարգավորելու ուղղությամբ։ Նրա խոսքով, եթե բժիշկներին հաշված օրերի ընթացքում դա հաջողվի անել, կրիտիկական փուլը հաղթահարված կարելի է համարել, այլապես սրտի կանգի վտանգ կա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրվեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը արդեն 2 օր է՝ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի Վերակենդանացման բաժնում։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: