ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն առաջիկայում կբողոքարկվի Վերաքննիչ դատարան: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինիս փաստաբան Արսեն Մկրտչյանըհայտնեց, որ բողոքը կներկայացնի Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկը, իսկ մյուս պաշտպանները կմիանան դրան:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, փաստաբանը նշեց, որ նման առողջական խնդիրներ ունենալու պարագայում ցանկացած այլ անձ ուղղակի չէր գտնվի կալանքի տակ. «Կալանքը կրելն անհամատեղելի է իր առողջական վիճակի հետ և կյանքին վտանգ սպառնացող: Նա քիմիաթերապիա է ստանում և բուժման նպատակով արտերկիր պետք է մեկներ, սակայն առկա իրավիճակից ելնելով, տոմսերը ետ է վերադարձվել»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ թեև ՔԿՀ-ում իր պաշտպանյալը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, սակայն այնտեղ քիմիաթերապիա չի կարող ստանալ:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային ժողովի պատգմավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Մանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա երկու ամիս:
Ավելի վաղ ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կնոջ, դստեր ու այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ ռազմամթերք` 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:
Նշենք նաև, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ. ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն:
Սոնա Հարությունյան