Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է գեներալ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատական նիստը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Նիստին կրկին չի մասնակցում Մանվել Գրիգորյանը։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց՝ բժիշկներն արգելել են Գրիգորյանին տեղափոխել դատարան։

«Ես միջնորդում եմ, որպեսզի դատական նիստն անցկացվի հենց հիվանդանոցում։ Իմ պաշտպանյալը չի ներկայանում, քանի որ քայլելու, շնչառության հետ կապված խնդիրներ ունի։ Նա այսօր հիվանդասենյակում է գտնվում»,- ասաց փաստաբանը՝ միջնորդելով արդարադատություն իրականացնել հիվանդանոցային պայմաններում։

Դատավոր Մարտիրոսյանը հայտարարեց, որ նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռ չեն ստացել, դա պարզ կլինի եզրակացությունը ստանալուց հետո, հետեւապես չգիտեն, տվյալ անձն ի վիճակի՞ է մասնակցելու դատական պրոցեսին։

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը, մինչև գործով էական հանգամանքների պարզումը։

Հիշեցնենք, որ փաստաբանի մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ինչը մերժվել է։

Հիշեցնենք՝ Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև նրա կինը' Նազիկ Ամիրյանը, ում մեղադրանք է առաջադրվել «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար։