«Մարդիկ ինձ նույնացնում են Մանվել Գրիգորյանի հետ և ամեն օր սպառնում են ինձ»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Իմ ֆեյսբուքյան էջին օգտատերը սպառնալիքներ է հնչեցնում ոչ միայն իմ, այլև ընտանիքիս անդամների հասցեին: Գրում է՝ տանդ հասցեն ասա, գանք սպանենք, հազար կտոր անենք ընտանիքիդ անդամների հետ։ Ու սա այն պատճառով, որ ես ընդամենը Մանվել Գրիգորյանի շահերն եմ պաշտպանում: Նրանց ֆեյսբուքյան հաշիվները չեմ ուսումնասիրել, ուստի չեմ կարող ասել՝ դրանք կեղծ են, թե իրական. այդ հարցով կզբաղվեն իրավապահ մարմինները», - ասաց փաստաբանը։
Նա նշեց՝ քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և նրանց է տրամադրել իր ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը, որպեսզի կարողանան ուսումնասիրություն անցկացնել:
«Նման հարցերը բավականին ժամանակ են տանում ինձանից և խոչընդոտում են, որ ուշադրությունս սևեռեմ իմ պաշտպանյալ Մանվել Գրիգորյանի քրեական գործի վրա»,- ասաց նա։
Նշենք, որ քիչ առաջ էլ փաստաբան Արսեն Մկրտչյանը Մանվել Գրիգորյանի տեսաուղերձն էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և կից գրառել. «Մարդը, ազատության մեջ գտնվելով, չի հեռանում դատարանի դահլիճից»:
Տեսաուղերձում Գրիգորյանը նշում էր, որ ինքն այս պահին ունի պատվի խնդիր և ինձ պետք է ապացուցել իր մեղավորության մասը. «Ես մինչև վերջին պահը պետք է սպասեմ, որովհետև իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում: Ընդհանուր՝ իմ մեջ չէ խնդիրը: Ես հավատում եմ ինձ, իմ ընկերներին, իմ երկրին, իմ պետությանը և արդարադատությանը: Ժամանակը բոլորի դատավորն է և կիմանանք ճիշտը»,- ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Մավել Գրիգորյանը կալանավորվել է 2 ամսով: Քրեական գործերով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Սոնա Հարությունյան