Գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հերթական խոշտանգուման օրինակն է իրականացվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով երեկ նրան քրեակատարողական հիմնարկ, այնուհետև դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելուն:
 
«Մանվել Գրիգորյանը հրաժարվել էր տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, որից հետո նրան տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ։ Այնուհետև նրա կամքին հակառակ տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ հրաժարվել է բուժզննումից։ Նրա կյանքին վտանգ է սպառնում, ունի 30֊ից ավել հիվանդություն։ Ոչ միայն բժիշկները համաձայնություն չեն տվել Գրիգորյանին տեղափոխել կալանավայր,  այլև պարտադիր են համարել այն, որ նա պետք է գտնվի բժիշկների 24 ժամյա հսկողության տակ և պետք է բուժում ստանա ստացիոնար բժշկական կենտրոնում, սակայն 24 ժամ է՝ համապատասխան բուժում չի ստանում, ինչն ունի բացասական հետևանքներ։ Արդար դատաքննության մասին խոսք չի կարող լինել, եթե անձի կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց՝ թեև երեկ չի հաջողվել տեսակցել պաշտպանյալին, բայց առավոտյան տեսակցել են. «Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել։ ՄԻԵԴ-ում էլ գործ կա և այնտեղ էլ կիրազեկենք այն, ինչ որ երեկ եղել է»,֊ ասաց Բաղդասարյանը։

 
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածներով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
 
Նրան մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա հունիսի 19-ին։
 
Սոնա Հարությունյան