Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին: Այս մասին հայտարարում են նախօրեին շինծու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված Հայրապետյանի հարազատները, ինչպես նաև նրա փաստաբանը:
Երկրորդ կարգի հաշմանդամ Հայրապետյանը 4 ինֆարկտ և 2 ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:
Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։ Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար։
Մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են, դրանք իրավաբանների և գործին ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ են առաջացրել: Ակնհայտ է Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով: Այս իրավիճակում զարմանք է առաջացնում Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերի լռությունը: