ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է նարկոզի տակ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ ահազանգեցին նրա պաշտպանները։

«Բժշկական միջամտության ենթարկելու նպատակով Գրիգորյանին անզգայացրել են։ Ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերի հետ կապված խնդիր կա, որի հետևանքով չի կարողանում խոսել։ Նա օրական մի քանի կգ դեղորայք է ընդունում։ Գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ, որոնք գնալով կարող են էլ ավելի խորանալ և հանգեցնել մահվան»,- նշեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Պաշտպանը միջնորդեց Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով։ Նա առաջարկեց, որ գումարի չափը կարող է որոշել դատարանը։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը կնոջ ու որդու հետ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող 3 տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, կատարել են տարբեր տեսակի հափշտակություններ։ Ինչպես նաև՝ Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։