Ադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Դեկտեմբերի 9-ին Վերաքննիչ դատարանը Լեյլա Յունուսի գործով դատական նիստ է անցկացրել, որտեղ որոշում է կայացվել իրավապաշտպանին պայմանական ազատ արձակել: Յունուսը ազատություն է դուրս եկել անմիջապես դատարանի դահլիճից:
2015 թվականի նոյեմբերին բանտից պայմանականորեն ազատ էր արձակվել Լեյլայի ամուսինը՝ Արիֆ Յունուսը: Նրան բանտարկելու պատիժը փոխարինվել էր տնային կալանքով:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 2015 թվականի օգոստոսին Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ: Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես են եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:
Ադրբեջանում բանտարկված իրավապաշտպան Լեյլա Յունուսն արժանացել է OXI DAY հիմնադրամի հանուն ազատության և ժողովրդավարության անվեհեր պայքարի համար Battle of Crete Award պարգեւի: Oxi Day Battle of Crete Award պարգևն ամեն տարի շնորհվում է կանանց' ազատության և ժողովրդավարության ոլորտում պաշտպանության, առաջխաղացման գործում նրանց ցուցադրած արիության համար: Նա Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է, ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի եւ Թեոդոր Հաքերի գերմանական պարգևի դափնեկիր: Amnesty International կազմակերպությունը Լեյլային և նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսներին «խղճի բանտարկյալներ» է ճանաչել: